ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆԸ
Սույն գրվածքը Սուրբ Գրքի առաջին երկրորդականոն գիրքն է։ Հիշեցնենք, որ երկրորդականոն գրքերը եբրայական կանոնում երբեք չեն ընդգրկվել, իսկ քրիստոնեականի մեջ են մտել հունական Յոթանասնից թարգմանությամբ։ Բոլոր ինը ոչ կանոնական գրքերի հեղինակներն աստվածաշնորհ մարգարեներ չեն, սակայն Եկեղեցու հայրերի և վարդապետների կողմից կարևորվել են իբրև խրատական և օգտակար` հավատի շինության համար և իրենց տեղը գտել աստվածային գրքերի կողքին։
Եթե հաշվի չառնենք սույն գրվածքի երրորդից հինգերորդ գլուխներում ընդմիջարկված հատվածը, ուր պատմվում է Դարեհ թագավորի երեք սենեկապանների միջև ծագած վեճի մասին, ապա գրքի մնացյալ մասերում շարադրված են Բ Մնացորդաց, Բ Եզրաս և Նեեմի գրքերի պատումները` աննշան փոփոխություններով։ Ա Եզրաս գրքի հեղինակն անհայտ է. վկայակոչվել է Հովսեպոս Փլաբոսի կողմից և հավանաբար գրի է առնվել Ք. ա. առաջին դարից ոչ ուշ։
Բ ԵԶՐԱՍ ԵՎ ՆԵԵՄԻ
Ի սկզբանե այս երկու գրքերն առնված են եղել մեկի մեջ, որի կազմության շրջանը համընկել է հրեաների` Բաբելոնից վերադարձին հաջորդած ժամանակաշրջանին։ Այս երկու գրքերում մենք հանդիպում ենք երկու գլխավոր անձերին` Եզրասին և Նեեմիին, որոնց անունները հիշատակված չեն եբրայական Հին Կտակարանի մյուս գրքերում։ Եթե չլինեին սույն երկու անձանց անունները կրող այս գրվածքները, ապա մեզ համար դժվար կլիներ, եթե չասենք անհնարին, որևէ բան իմանալ բաբելոնյան փորձությունից հետո հրեական կրոնի վերականգնմանն ուղեկցող անցքերի մասին։
Բ Եզրասի և Նեեմիի գրքերը, իբրև զուտ պատմական ստեղծագործություններ, միշտ էլ բարձր վարկ ու աստվածաշունչ գրքերի հեղինակություն են ունեցել Եկեղեցում։
ԳՐՔԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Այս գրքերի զանազան մասերը դյուրությամբ են հայտանշվում։ Բ Եզրասի գիրքը (Ա-Զ գլուխներ) նախ և առաջ պատմում է այն մասին, թե ինչպես էր ընթանում աքսորյալների առաջին խմբի վերադարձը Երուսաղեմ, ինչը նրանց արտոնեց պարսից արքա Կյուրոսը` Բաբելոնի երկիրը գրավելուց հետո։ Չնայած տեղական կառավարողների ու հրեական կրոնի թշնամիների մի շարք խոչընդոտներին` նախքան բուն սրբարանի վերականգնումը Երուսաղեմի Տաճարի ավերակների վրա վերակառուցվում է զոհասեղանը։ Տաճարն ամբողջությամբ վերականգնվում է միայն մի որոշ ժամանակ անց երկու մարգարեների` Անգեի և Զաքարիայի օրոք, Դարեհի շրջանում (Ք.ա. 522-486)։
Գրքի Է-Ժ գլուխները պատմում են, որ մի քանի տասնյակ տարի անց պարսից արքա Արտաշեսը Եզրասին` «արագակիր դպիր օրինաց» քահանային, պաշտոնական մի կարևոր գործ է հանձնարարում. վերջինս ժամանում է Երուսաղեմ, ուր և նրան խիստ վշտացնում են հրեական կրոնի անմխիթար վիճակը և հատկապես հրեաների ու հեթանոսների միջև սովորական դարձած ամուսնությունները։ Այս խնդրի կապակցությամբ նա համարձակորեն արմատական բարեփոխություն է անցկացնում և ժողովրդի աջակցությունը ստանալով` քշում այլազգիներին Հուդայի սահմաններից այն կողմ։
Նեեմիի գրքի սկզբում (Ա-Է գլուխներ) զետեղված է մի պատմություն, որը բացատրում է, թե ինչպես Նեեմին` Արտաշես արքայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, տրտմում է Երուսաղեմի իր համերկրացիներից հասած լուրերից և արքայից թույլտվություն է ստանում գնալու Հուդայի երկրի մայրաքաղաք` իրավիճակն ուսումնասիրելու և քաղաքը` պարսպից սկսյալ վերակառուցելու համար։ Նեեմիի գործադրած ջանքերի շնորհիվ Երուսաղեմի պարսպի վերակառուցումը տևում է 52 օր։
Ը և Թ գլուխներում նորից իրադարձությունների կենտրոնում է Եզրասը. նա վերականգնում է պաշտամունքն ու իր` Բաբելոնից բերած Մովսեսի Օրենքի համաձայն նշվող տոնակատարությունները։
Մի քանի պարբերություններում նկարագրվում են ժողովրդի արած ուխտերը, ցուցակները և պարսպի բացման արարողությունը։ Գիրքն ավարտվում է Նեեմիի` Երուսաղեմում ձեռնարկած մի շարք բարեփոխություններով, որոնք նա կյանքի կոչեց իր երկրորդ այցելության ընթացքում, առաջինից մոտավորապես 12 տարի անց (Նեեմիի Ժ-ԺԳ գլուխներ)։
ԿՐՈՆԱԿԱՆ ՀՈՐԻԶՈՆՆԵՐԸ
Եզրասի ու Նեեմիի գրքերը, անկասկած, բազմիցս ընթերցվողներից չեն։ Սուրբ Գրքի ընթերցողներից շատերը լավ չգիտեն այս գրքերը և կարծում են, որ, Սուրբ Գրքի պատմությանը վերաբերող որոշ օգտակար փաստաթղթերից բացի, ուրիշ ոչինչ չեն գտնի դրանցում, և մեր օրերի համար քիչ օգտակար են։ Այս կարծիքը սխալ է և կանխակալ. այո՛, այս երկու գրքերը չեն կարող բաղդատվել կրոնական անհամեմատ ավելի հարուստ բովանդակություն ունեցող մյուս գրքերի` Սաղմոսների, Հոբի ու մարգարեների հետ։ Սակայն մենք չենք մերժի նրանց իրավունքը, եթե հաշվի առնենք այդ երկուսի կրոնական նշանակությունն ու Աստվածաշնչի մյուս գրքերի մեջ նրանց ունեցած մշտական արժեքը և պարունակած հարստությունն ու բազմազանությունը. նվագախմբում բոլոր գործիքները միևնույն տեղն ու հնչեղությունը չունեն, սակայն, այնուամենայնիվ, դրանք բոլորն էլ անհրաժեշտ են մի մեղեդի կազմելու համար։ Այս երկու գրքերի մեջ մենք չենք հանդիպի աստվածաբանական քննության` բառիս իսկական իմաստով, սակայն կարող ենք նրանցում նկարագրվող անցքերի մեջ հայտնաբերել այն հիմնական գաղափարները, որոնք ուղղորդում, ղեկավարում են ժողովրդի կյանքը։ Այս տեքստերում կա հստակորեն երևացող երեք առանցք` Տաճարը, Երուսաղեմ քաղաքը և Աստծո ժողովրդի համայնքը։ Տաճարի վերակառուցումը գերությունից վերադարձած ժողովրդի առջև ծառացած խնդիրներից առաջինն է, իսկ գերությունից վերադառնալու բուն նպատակը Կյուրոս թագավորի հրամանով սրբարանի վերականգնումն է։ Աստծո Տունն Աստծո` Իր ժողովրդի մեջ ներկա գտնվելու ճշմարիտ ու նյութական հայտանիշն է։ Այստեղից է գալիս քահանաներին, ղևտացիներին ու սուրբ վայրին կցված բոլոր սպասավորներին վերագրվող կարևորությունը, ինչը տարածվում է նաև պաշտամունքի ու զոհաբերության սպասքի և հատկապես նախքան նոր Տաճարի կառուցումը զոհեր մատուցելու համար առաջին հերթին վերակառուցած զոհասեղանի վրա։
Տաճարի գոյությունը բուն քաղաքից չի տարանջատվում, ընդ որում, հետաքրքրությունը Երուսաղեմի` ներկայի ու ապագայի սուրբ քաղաքի նկատմամբ ևս այն շարժառիթներից մեկն է, որը դրդեց Նեեմիին Արտաշես արքայից թույլտվություն ստանալ` Հուդայի մայրաքաղաքը վերականգնելու համար։
Սակայն Տաճարի և քաղաքի իրական նշանակությունը պայմանավորված է միմիայն ժողովրդով, որն ապրում է այդ տեղում և կազմում Աստծո ժողովրդի համայնք։ Հետևաբար, գերության ժամանակ սասանվելուց հետո այս համայնքը պետք է դառնար իր ճշմարիտ ակունքներին, այն է` Աստծո օրենքին հնազանդությանը։ Այստեղ է հատկապես ի հայտ գալիս Եզրասի ու Նեեմիի գործունեության կարևորությունը։ Հրեա ժողովուրդը կորցրել էր իր ազգային անկախությունը, սակայն նրա գոյատևման իրական պատճառն այն էր, որ նա կրոնական համայնք էր և իր հին ավանդությունը կապում էր ներկայի հանգամանքների հետ։ Նման նորացման գործը պետք է դրսևորվեր զանազան բնագավառներում։ Առաջին անդաստանը պաշտամունքն էր. նախքան Տաղավարահարաց տոնը, Մովսեսի օրենքի հանդիսավոր ընթերցումը պարունակում էր այն հիմնական տարրերը, որոնց վրա ապագայում պիտի հիմնվեր ժողովարանի գործունեությունը։ Օրենքն այն կռվանն է, որի վրա խարսխվում է հրեական կրոնը և որն այդպիսին պիտի մնար դարերի ընթացքում։ Եզրասի և Նեեմիի գրքերում երևան են գալիս երկու անձնավորություն` Եզրասն ու Նեեմին, որոնք խիստ տարբերվում են մեկը մյուսից, թեպետ նրանց մղում է նույն ցանկությունը` նորոգել իրենց ժողովրդին և նրա հոգևոր կյանքը։ Ընդ որում, Եզրասը քահանա է և դպիր ու հմուտ օրենսգետ. նա կոչ է անում նորացնել պաշտամունքը և հաստատակամ է հեթանոս ժողովուրդների հետ մերձեցման նկատմամբ իր ժխտողական դիրքորոշման մեջ, իսկ Նեեմին գործունյա աշխարհական է` օժտված անսասան խիզախությամբ ու առաքինի, բարի վարքով, նա աղոթքի ու հավատքի մարդ է։ Նրանց անհատականություններն իրենց գործից երբեք առաջ չեն ընկնում։ Նրանք կատարում են Աստծո` իրենց հանձնարարած խնդիրները և, դրանից զատ, նրանց կյանքի, գործունեության ավարտի ու մահվան մասին մենք ոչինչ չգիտենք, քանզի նրանց անձնավորությունները թաքնված են գործերի հետևում` անհայտության մեջ թողնելով իրենց ծառայությանը նախորդող ու հաջորդող հանգամանքները։ Սրանում ևս կարելի է տեսնել նրանց ժամանակի հրեական կրոնի հոգևոր կյանքի առանձնահատկություններից մեկը։
ԿՅՈՒՐՈՍԻ` ՀՐԵԱՆԵՐԻՆ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀՐՈՎԱՐՏԱԿՆԵՐԸ
Իսրայելը հավատարիմ չէր Աստծուն, բայց Տերը երբեք չէր լքում Իր ժողովրդին։ Նա միշտ հիշում էր Իսրայելին և Նրա բարի նախախնամությունը նախապատրաստում էր Իսրայելի ազատագրումը գերությունից։ Եզեկիել մարգարեն խոսում էր վերածննդի մասին և ժողովրդին հայտնում այն տեսիլքները, որոնք նա տեսել էր մարդկանց ոսկորներով լի դաշտում (գլուխ 37)։ Մինչ այդ Երեմիան խոսում էր Յոթանասնամյա բաբելական գերությունից հրեության ազատագրման մասին (25.12)։
Նաբուքոդոնոսորի մահը Իսրայելի որդիների համար ճանապարհ բացեց և հնարավորություն ընձեռեց Պաղեստին դառնալու, քանզի այդ արքայից հետո գահին տիրացան ապաշնորհ տիրակալներ, հանգամանք, որը և պայմանավորեց երկրի աստիճանական անկումը։ Միաժամանակ Արևելքում պատմության թատերաբեմ մտավ նոր Մարա-պարսկական կայսրությունը։ Այս կայսրության մեջ Կյուրոսն ընդվզեց իր տերերի` մարերի դեմ, հաղթեց նրանց և դարձավ բովանդակ Մարաստանի և Պարսկաստանի տիրակալը, իսկ Ք.ա. 539-ին արդեն իբրև միացյալ թագավորության գահակալ` նվաճեց Բաբելոնը։ Այժմ արդեն նրան վիճակված էր գործել իբրև «Տիրոջ հովիվ» և «Տիրոջ օծյալ» (Եսայի 44.28, 45.1 ըստ Եբր. բնագրի)։ Ամեն ինչ խոսում էր այն մասին, որ Աստված նախապատրաստել է Սիոնի վերադարձը գերությունից (տե՛ս Սաղմ. 125.1), և որ գերյալներն այլևս չպիտի ապրեին Բաբելոնի գետերի մոտ և լացեին Սիոնը հիշելիս (Սաղմ. 136.1)։
Իհարկե, Կյուրոսը չէր հավատում հրեաների ճշմարիտ Աստծուն։ Սակայն ամենազոր Աստված Իր կամքը մեղավոր մարդկանց միջոցով էլ է կատարում։ Որ Կյուրոսը մոլեռանդ հեթանոս էր, հաստատվում է նրա կառուցած մեհյաններով, ինչպես դա բացահայտվեց Ե. Հենրիխի, Հ. Լենտցենի և այլոց` քաղդեական ՈՒր քաղաքում կատարած պեղումների ժամանակ, որտեղ Կյուրոսը, օրինակ, կառուցել էր Իշտարի մեհյանը։ Բացի այդ, հաղթականորեն Բաբելոն մտնելուն պես նա, ի պատիվ Սինու դիքի, բագին կառուցեց։ Ասենք, որ ամբողջ կյանքում կանգնեցրած հուշարձաններում կարելի է արձանագրություններ գտնել, որոնց համաձայն իր բոլոր հաջողությունների համար պարտական է Մարդուք դիքին։ Այնուամենայնիվ, հնագետ Օլբրայթը, մեկնաբանելով Կյուրոսի հրովարտակը, որի մասին հաղորդվում է նաև Սուրբ Գրքում (Բ Եզր. 1.1), նկատում է. «Ք.ա. 538-ին Կյուրոսի հրապարակած հրովարտակի փաստացի պատմականությունը հաստատվեց վերջին հնագիտական հետազոտություններով»։ Այսպես. հրեաների հանդեպ նրա բարեհաճ վերաբերմունքը նրա ուղիղ կրոնական համոզմունքների ցուցիչը չէ։ Պարզապես Կյուրոսն իր գահակալության սկզբում իմաստուն քաղաքականություն էր վարում, որը հետապնդում էր բոլոր «գերյալ դիքերին» իրենց տաճարները և բոլոր գերյալ մարդկանց իրենց երկրները վերադարձնելու նպատակ։ Իր արձանագրություններում նա հայտնում է զանազան ժողովուրդների դիքերին իրենց տաճարներն ու զոհասեղանները վերադարձնելու մասին։ Հնագետների տրամադրության տակ է գտնվում հռչակավոր թրծակավե «Կյուրոսի գլանը», որի վրա ի մասնավորի գրված է. «Ես ժողովեցի բոլոր ժողովուրդներին և բնակեցրի իրենց տներում»։ Կյուրոսի գործելակերպը տրամագծորեն հակառակ էր ասորեստանցիների ու բաբելացիների մարտավարությանը. նրանք նվաճված ժողովուրդներին քշում էին իրենց երկրներից և գրավյալ տարածքները վերաբնակեցնում այլ ժողովուրդներով։ Այս գործելակերպով Կյուրոսը շահում էր իր հպատակների սերն ու համակրանքը։ Պարսից արքան հպատակ ժողովուրդներից յուրաքանչյուրի համար հրովարտակ էր արձակում, որով արտոնում էր անարգել հայրենիք վերադառնալ։ Հրեաներին վերաբերող այսպիսի մի հրովարտակի հատված կա Հին Կտակարանում. «Այսպես է ասում Պարսկաստանի Կյուրոս թագավորը. երկնքի տեր Աստվածն ինձ տվեց երկրի վրա բոլոր թագավորությունները և հրամայեց ինձ, որ ես նրա համար տաճար կառուցեմ Հրեաստանի Երուսաղեմ քաղաքում։ Տիրոջ ամբողջ ժողովրդից ով էլ որ կա ձեր մեջ, և ում հետ որ է նրա Աստվածը, թող ելնի ու գնա Հրեաստան` Երուսաղեմ և կառուցի Իսրայելի Տեր Աստծո տունը. թող Աստված Ինքը, որ բնակվում է Երուսաղեմում, լինի նրա հետ։ Ամեն մարդ իր ունեցվածքը թող վերցնի իր հետ, տանի այն տեղը, ուր պիտի բնակվի ինքը»։ (Բ Եզրաս 1.2-3)։ Թոմպսոնի կարծիքով` այս հատվածները հրեաների վերաբերյալ Կյուրոսի բավական ընդարձակ դեկրետից են։
Առաջ պատմաբաններից ոմանք վիճարկում էին Եզրասի գրքի սույն հատվածները, քանզի Կյուրոսը կռապաշտ էր և դժվար է պատկերացնել, որ նա կարող էր այսպիսի հրամանագրեր հրապարակած լիներ։ Սակայն «Նաբոնիդի ժամանակագրության», հռչակավոր «Կյուրոսի գլանի» և Նաբոնիդի այլ բնագրերի հայտնաբերմամբ հարցն իր վերջնական լուծումը գտավ։ Բանն այն է, որ այս բնագրերը ցույց տվեցին, որ Կյուրոսը չափազանց խոհեմ թագավոր էր և քարոզչության մեծ վարպետ։
Հարկ է նշել, որ, գերյալ ժողովուրդների հանդեպ կարեկցական վերաբերմունքից զատ, հրեաներին հայրենիք վերադարձնելու Կյուրոսի վճռի վրա ներգործել են հետևյալ հանգամանքները. ա) Հրեա պատմիչ Հովսեպոսը պնդում է, որ ինչ-որ մեկը Կյուրոսին ցույց է տվել Եսայի մարգարեի մարգարեությունը (44 և 45 գլուխների բովանդակությունը), բ) Պաղեստինը հրաշալի առաջավոր ամրակետ էր հարավ-արևմտյան Ասիայի և Եգիպտոսի միջև. այս եղանակով Կյուրոսն այս շրջանում դաշնակից էր ձեռք բերում, գ) ստրկացած ժողովուրդներին ազատագրելու Կյուրոսի վճիռը վնասազերծում էր իր կայսրության բնակչության պայթունավտանգ տարրը։ Բացի այդ, քանի որ բոլոր հրեաներին էր առաջարկվում հայրենիք վերադառնալ, Կյուրոսն այսու ցույց էր տալիս, որ ինքը շահագրգռված է հրեա ժողովրդով և նրա ազատագրման մասին հոգ է տանում։ Հնագիտության պրոֆեսոր Թոմպսոնը այն եզրակացությանն է հանգում, որ վերը նշվածի հիման վրա կարելի է հետևություն անել, որ հնագիտական տվյալները լուսաբանեցին Սուրբ Գրքում հիշատակված Կյուրոսի հրովարտակների բնօրինակը, պարզաբանեցին դրանց բովանդակությունն ու էությունը (տե՛ս Բ Եզր. 3.2-7 5.13-16 և 7.1-5)։
Տպագրության պատրաստեց Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆԸ